+100%-

ACCESS
ACCESS-ը՝ Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոնը, Ստրասբուրգում գտնվող հասարակական կազմակերպություն է, որի գործունեությունը միտված է Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանությանը: Կազմակերպության առաքելությունն է մատչելի դարձնել Եվրախորհուրդը ազգային հասարակական կազմակերպությունների համար և ապահովել մարդու իրավունքների պաշտպանվածությունը համաձայն ԵԽ ստանդարտների:

ACCESS-ի գործունեության նպատակն է աջակցել ԵԽ աշխատանքներին և բարձրացնել մոնիթորինգ իրականացնող կառույցների արդյունավետությունը ՀԿ-ների երկարաժամկետ կարողությունները զարգացնելու և վերջիններիս ԵԽ մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով: Այս նպատակին հասնելու համար ՀԿ-ներին կներկայացվեն այն հասանելի մեխանիզմները, որոնք թույլ կտան նրանց մասնակցել և ներազդել ԵԽ աշխատանքներին: Այս մոտեցման համաձայն ՀԿ-ների համար անց են կացվում դասընթացներ ԵԽ ստանդարտների վերաբերյալ, աջակցություն է ցուցաբերվում ՀԿ-ներին հաշվետվություններ պատրաստելու և ԵԽ ներկայացնելու, ինչպես նաև իրավունքների պաշտպանության ցանցեր և կոալիցիաներ ստեղծելու հարցում:

“Փյունիկ”
Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միությունը ստեղծվել է 1989թ. օգնություն ցուցաբերելու համար 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին: Ներկայումս “Փյունիկ”-ը իրականացնում է տարատեսակ ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական վերականգնում, սպորտ, մասնագիտական կրթություն, շահերի պաշտպանություն, հանրային իրազեկում և այլն: Կազմակերպությունն ունի ավելի քան 100 կամավորներ և տասնմեկ աշխատակիցներ, որոնք կլոր տարի ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի մարդկանց:


“Փյունիկ” միությանը աջակցում են բարեգործական հիմնադրամեր, միջազգային կազմակերպություններ, Հայաստանում տարբեր երկրների դեսպանատներ, ինչպես նաև անհատ բարերարներ:

2017թ. փետրվար ամսից “Փյունիկ”-ն իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորված երկամյա ծրագիրը, որի նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները և մասնակից դարձնել վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին: