+100%-

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը (Երևան, ՀՀ) և վերջինիս միջազգային գործընկեր «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ACCESS) հասարակական կազմակերպությունը (Ստրասբուրգ, Ֆրանսիա) սկսել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի իրականացումը:
Ծրագրի վերջնանպատակն է բարելավել հայաբնակ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանվածությունը: Այս նպատակին հասնելու համար “Փյունիկ” և “ACCESS” կազմակերպությունները կաշխատեն միասին հզորացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կարողությունները և վերջիններիս մասնակից դարձնելու Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին:

Կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների նպատակն է ՀԿ-ներին ներկայացնել հաշմանդամության հիմնահարցերի լուծման եվրոպական ստանդարտներն ու մոտեցումները: Ծրագրում ներգրավված ՀԿ-ները կստանան անհրաժեշտ աջակցություն Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դառնալու համար: Դա ենթադրում է Հայաստանի պետական մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական խնդիրներին լուծումներ տալու վերաբերյալ հավաստի տվյալների հավաքագրում և ներկայացում ԵԽ-ին:

Ծրագրի գործողությունները տեղի են ունենալու Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Կարողությունների զարգացմանը միտված գործողությունները ներառում են համաժողովներ, դասընթացներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ և սշխատանքային հանդիպումներ:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի վեցամսյա առցանց դասընթաց հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար: Դասընթացը հասանելի կլինի Եվրախորհրդի HELP ծրագրի առցանց հարթակում: Դասընթացի նյութերը, որոնց հիմքում ընկած կլինեն Եվրախորհրդի մարդու իրավունքների չափանիշները, կպատրաստեն միջազգային և տեղական փորձագետները: Դասընթացը եզակի է երկու առումով. այն մշակված է հատուկ հասարակական կազմակերպությունների համար և այն միակ դասընթացն է, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին:

Ծրագրում ակտիվորեն ներգրավված կլինեն 35 ընտրված հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունենքրի պաշտպանությամբ: Ընտրված կազմակերպությունները կմասնակցեն ծրագրի բոլոր միջոցառումներին և կհանդիպեն պետական մարմինների ներկայացուցիչներին ռազմավարական հարցեր քննարկելու համար:

Ծրագրի շրջանակներում տեղական հասարակական կազմակերպությունները կստանան գործնական հմտություններ երկու այլընտրանքային հաշվետվություններ պատրաստելու համար: Հաշվետվությունները կվերհանեն Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ոլորտում առկա ձեռքբերումները և թերացումները և կներկայացվեն Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին և Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովին: Դա հնարավորություն կտա ՀԿ-ներին բարձրաձայնել իրենց նկատառումներն ու ակտիվորեն մասնակցել ոլորտային փոփոխություններին: Միաժամանակ ԵԽ պատասխանատու մարմինները կստանան ստույգ և ճշգրիտ տեղեկատվություն, որը կօգտագործեն եզրակացություններ անելու և բարելավման առաջարկներ կատարելու համար: Այսպիսով, ծրագիրը կնպաստի ՀԿ-ների ներգրավվածությանը ԵԽ մոնիթորինգային մեխանիզմներին:

Ծրագրի միջազգային փորձագետները Հայաստանում անց են կացրել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության խորքային ուսումնասիրություն: Վերջինիս արդյունքները հանրությանը կներկայացվեն վերլուծական հաշվետվության տեսքով և կներառեն բարեփոխման առաջարկներ՝ ուղղված պատկան պետական մարմիններին: Հաշվետվության էլէկտրոնային տարբերակը սեպտեմբեր ամսին կտեղադրվի նաև սույն վեբ կայքում:
ACCESS կազմակերպությունը կնախապատրաստի ձեռնարկ, որը կանդրադառնա Եվրախորհրդի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության չափանիշներին: Ձեռնարկը կծառայի որպես տեղեկատու հասարակական կազմակերպությունների և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց համար: Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը, հայերեն և անգլերեն լեզուներով, հասանելի կլինի «Փյունիկ» և ACCESS կազմակերպությունների կայքերում:
Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները հանրությանը ներկայացնելու համար կկազմակերպվի մարաթոն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և վերելք դեպի Արագած լեռը: Ծրագրի տարբեր միջոցառումների ժամանակ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կցուցադրվի նաև Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքները ներկայացնող լուսանկարների ցուցահանդես:

Ծրագրի տևողությունը. 1 փետրվարի, 2017թ. – 31 հունվարի, 2019թ.
Ծրագրի բյուջե. 200,000 Եվրո (101,318,000 ՀՀ դրամ)